Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում, մարտի 15-ին, տեղի է ունեցել «Արարատյան քննարկումներ» նախագծի երկրորդ բանախոսություն-քննարկումը` «Բանակցության մշակույթի դրսեւորումները հայ բանահյուսության մեջ» խորագրով: Բանախոսը «Բանակցության երեւանյան կենտրոնի» տնօրեն Ստեփան Խզրթյանն էր:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՀԹ Ս. Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը, «Ծիրանի» ԿՀ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հատվածներ հայ բանահյուսության տարբեր պատմվածքներից` «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղր», «Մկների ժողով» եւ «Ոսկե ցլիկը» ֆիլմից` վերհանելով դրանցում առկա հարաբերություները: Այդ օրինակները դիտարկվեցին որպես հայ բանակցային մշակույթի խտացված դրսեւորումներ եւ ներկաների մասնակցությամբ դուրս բերվեցին դրանցում առկա դասերն ու հետեւությունները:
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իր գոհունակությունը հայտնեց հանդիպման բանախոսին ու կազմակերպիչներին` նշելով, որ նման հանդիպումները օգտակար են երիտասարդների համար եւ մասնավորապես ասաց. «Խոսեցիք բանահյուսության մեջ հայտնի օրինակներից, սակայն այսօրվա նյութին պետք է մեր պատմությունից մի օրինակ հավելենք, որ բանակցային հաջող ելք է ունեցել: Արաբական գերիշխանության տարիներին ստորացուցիչ հարկեր ու կենսական պայմաններ էին պարտադրվում այլադավանների` նաեւ հայերի համար:
Միակ մարդը, որ կարողացավ բանակցություն վարել եւ միայն Հայաստանի համար լուծել ստորացուցիչ հարկերից ազատագրման հարցը, Ս. Հովհան Օձնեցին էր: Սուրբ Հայրապետը գնաց Օմար խալիֆի մոտ, ներկայացրեց այն տառապանքը, որին ենթարկվում էր հայ ժողովուրդը: Այդ հանդիպումից հետո խալիֆը վերանայեց թե´ հարկերը, թե´ օրենքները:
Սա իրական օրինակ է, երբ հաշվի առնելով բոլոր հանգամանքները` արտաքին պատշաճությունն ու ներքին` հոգեւոր կյանքի ապրումները, բանակցությունն ունեցավ կենսական նշանակություն ու հաջող ելք»:
«Արարատյան քննարկումները» Արարատյան Հայրապետական թեմի եւ «Ծիրանի» մշակութային հանգույցի համատեղ ծրագիրն է, որի նպատակն է հայ երիտասարդներին մատուցել հայագիտության ու հայ մշակույթի մասին հիմնավոր ու հանրամատչելի նյութեր, նրանց առաջ բացել հայկական ժառանգության փակ վարագույրները, հնարավորություն ստեղծել հայացք գցել մեր ազգային նկարագրի ու արժեհամակարգի վրա, ձեւավորել անհատի ազգային անաչառ ինքնագնահատական, որն ամուր հիմք կդառանա հայ երիտասարդի համար:
Նախագծի ընթացքում կազմակերպվելու են սեմինարներ, հանդիպումներ ու քննարկումներ գիտնականների, մշակութային գործիչների եւ հոգեւորականների հետ:
«Արարատյան քննարկումների» առաջին հանդիպումը նվիրված էր ոսկեղենիկ գրաբարին եւ դրա իմացության կարեւորությանը մեր օրերում:



























