Ղրիմի հանրաքվեն, փաստացի, Ուկրաինայի մասնատման սկիզբն ազդարարեց: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Արամ Մանուկյանը:
Ըստ նրա՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամը Ղրիմով չի սահմանափակվի ու վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ հարավ-արեւելյան մարզերում լարվածությունն ավելանում է: Ըստ փորձագետի՝ Ուկրաինան Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերի բախման հարթակ է դարձել: «Մոսկվային հաջողվել է թվացյալ պարտությունների կուրսն իր օգտին շրջել: Արեւմուտքը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները, սակայն, փաստացի, ոչինչ անել չի կարող»,-ընդգծել է քաղաքագետը, հավելելով, որ որոշակ լարվածություն մնում է, սակայն առաջիկայում իրավիճակը կհարթվի, քանի որ Եվրոպան հասկանում է, որ Ռուսաստանի դեմ ընդունված բոլոր միջոցները կանդրադառնան նաեւ իր վրա:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին կայացած Ղրիմի հանրաքվեին քվեարկողների 97 տոկոսը կողմ է Ռուսաստանի կազմում ընդգրկվելուն:



























