«Ռոսիա-1» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Դմիտրի Կիսելյովը մարտի 16-ի «Վեստի նեդելի» հաղորդման ժամանակ ԱՄՆ-ին սպառնացել է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառմամբ: 

Կիսելեյովը հայտնել է, որ Ռուսաստանն այսօր միակ երկիրն է, որն ԱՄՆ-ն կարող է վերածել «ռադիոակտիվ մոխրի»: Ըստ Կիսելյովի՝  հենց դա էլ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ստիպում է վախենալ Ռուսաստանից:

Նրա խոսքով՝ հունվարի 21-ին Օբաման հերթական անգամ զանգահարել էր  ՌԴ նախագահին, իսկ արդեն հաջորդ օրը  «Ռոսիյսկայա գազետայում» հրապարակվել էր ռուսական «միջուկային պատասխանի» մասին հոդվածը:

«...Ինչպես է աշխատում մեր միջուկային համակարգը, ԱՄՆ-ում այն անվանել են Dead Hand ՝ «մեռած ձեռք», խորհուրդ եմ տալիս կարդալ: Բանն այն է, որ եթե թշնամու ատոմային հարձակումից հետո բոլոր հրահանգման կետերում մարդիկ լռեն, անխոցելի համակարգը ինքնաշխատ կերպով ռազմավարական հրթիռներ կարձակի հանքերից եւ սուզանավերից՝ ճիշտ ուղղությամբ», – հավելել է հաղորդավարը: