Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող՝ Գիտությունների ազգային ակադեմիայի մի քանի տասնյակ երիտասարդ գիտաշխատողներ մարտի 17-ին կեսօրից հավաքվել են ԳԱԱ շենքի մոտ։ Նրանք ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին ուղղված նամակ են գրել, որում արտահայտում են իրենց մտահոգությունը եւ անհամաձայնությունը պարտադիր կենսաթոշակային վճարները գանձելու որոշման վերաբերյալ եւ ԳԱԱ նախագահից խնդրում ու պահանջում են այդ հարցը բոլոր առիթներով բողոքարկել պատկան մարմիններում, նաեւ նախազգուշացնել, որ երիտասարդ գիտնականները խիստ բացասաբար են վերաբերվում այդ օրենքի կիրառմանը եւ պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքներն ու ազատությունները (ֆոտոռեպորտաժ

Երիտասարդ գիտաշխատողները նամակը հանձեցին ԳԱԱ նամակների բաժին։ Ռադիկ Մարտիրոսյանը ընդունեց միայն լրագրողներին եւ ասաց, որ իրենցից ոչինչ կախված չէ, եւ եթե կա օրենք, բոլորը պիտի ենթարկվեն դրան։

Ինֆորմատիկայի ինստիտուտի երիտասարդ գիտաշխատող Սերգեյ Աբրահամյանը NEWS.am-ին ասաց, որ առանց այդ էլ գիտաշխատողների աշխատավարձը շատ ցածր է. «Մենք համարվում ենք ամենախոցելի սոցիալական  խավերից մեկը։ Դա բացասական ազդեցություն կունենա մեր սոցիալական վիճակի վրա»։

Նրա խոսքով, հունվարի աշխատավարձից պահումներ չեն արել, պահել են միայն փետրվարի աշխատավարձից, ինչը, գիտաշխատողների կարծիքով, խոսում է ղեկավարության վրա ճնշումների մասին։

Սերգեյ Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանում գիտնականների աշխատավարձերը շատ ցածր են եւ այս պահումներից հետո ոչ ոք ցանկություն չի ունենա զբաղվել գիտությամբ։

«Մեր կառավարությունը եւ մեր իշխանությունները փոխանակ գիտությունը խրախուսեն, խթանեն, իրենց խոստումները կատարեն, որ առանց գիտության հասարակություն չի լինում, իրենք ճիշտ հակառակ գործողություններ են անում։ Մեր ապագայի մասին մտածելը սին խոստումներ են, քանի որ մեր ներկան է վտանգված»,-ասաց ԳԱԱ գիտաշխատող Ղազար Գալոյանը։

Նամակը հանձելուց հետո երիտասարդ գիտաշխատողները շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան, որտեղ նույնպես իրենց մտահոգություններն արտահայտող նամակ կհանձնեն։