ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ իր վրա ոչ ոք ճնշում չի գործադրել 1974-ից հետո ծնված գիտաշխատողների աշխատավարձերից 5% պահումներըպարտադիր գանձելու եւ կուտակային կենսաթոշակային ֆոնդ ընտրելու հարցում, եւ ինքը դա արել է կամովին՝ ենթարկվելով այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքին։ Նշենք, որ ճնշումների մասին երիտասարդ գիտաշխատողները ենթադրել էին՝ ելնելով նրանից, որ պահումներն արվել են միայն փետրվարի աշխատավարձից։

«Ես պատուհանից նայում էի, եւ իմ ծանոթ երիտասարդ գիտնականներից ոչ ոքի չտեսա, չնայած չի բացառվում, որ նրանց մեջ լինեն նաեւ ԳԱԱ երիտասարդ աշխատողներ»,- մարտի 17-ին ԳԱԱ շենքի դիմաց հավաքված երիտասարդ գիտաշխատողների մասին լրագրողներին ասել է Ռադիկ Մարտիրոսյանը։

«Բնական ա, որ մեզ բոլորիս պիտի չճանաչեր դեմքով։ Մեզանից շատերը այլ շենքերում են աշխատում։ Ինքը դեմքով մենակ Ստալինին ա ճանաչում»,- NEWS.am-ին ասաց երիտասարդ գիտաշխատողներից մեկը։

Հիշեցնենք, որ երիտասարդ գիտաշխատողներն իրենց ստորագրություններով նամակ են հանձնել Գիտությունների ազգային ակադեմիային եւ Սահմանադրական դատարանին, որով պահանջում են կուտակային կենսաթոշակի պարտադիր պահումներ չանել առանց այն էլ ցածր վարձատրվող գիտաշխատողների աշխատավարձերից։