Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը գումարել է այս տարվա առաջին նիստին, որի ժամանակ վարույթ է ընդունվել լրագրողների դիմումն ընդդեմ Առաքել Մովսիսյանի («Շմայս») եւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Այս երկու դիմումների հարցով զեկուցող է նշանակվել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել «Սինջար եզդիների ազգային միավորում»  եւ «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի դիմումը քննությունը երկարաձգել 20 օրով, որպեսզի հանձնաժողովի նոր անդամները հնարավորություն ունենան ծանոթանալու գործին:

Հաջորդ նիստի օրը հայտնի չէ, Հովհաննես Սահակյանն ասաց, որ հավելյալ կտեղեկացնեն:

Հիշեցնենք, որ Մանվել Բադեյանը լրագրողներից մեկի այն նկատողությանը, որ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի ռուսերենով հեռարձակումը հակասում է «Լեզվի մասին» օրենքին, պատասխանել էր կոպիտ արտահայտություններով: Դրանից հետո պատգամավորն սկսել էր լրագրողներին բարոյախոսություն կարդալ, որ նրանց մակարդակը «փողոցային եզդիների» մակարդակից ցածր է: Դրանից հետո եզդիները բողոքի ակցիաներ էին կազմակերպել ԱԺ-ի մոտ, նրանց ընդունել էին, իսկ պատգամավորը ներողություն էր խնդրել:

Լրագրողների դիմումը վերաբերում է հայ-ռուսական գազային համաձայնագրի ժամանակ ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին: Երբ մի խումբ լրագրողներ ներկայացրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը եւ կարծիքը նիստի ընթացքում քվեարկվող միջազգային համաձայնագրերի վերաբերյալ, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացականչել էր` «էս կապիկներին էլ հանեք ստից»:

Իսկ Նիկոլ Փաշինյանը խնդրել է հանձնաժողովից եզրակացություն ներկայացնել իրեն «Հայկական ժամանակ» օրաթերթից արված առաջարկի շուրջ, որը վերաբերում է  խմբագրական խորհուրդը գլխավորելուն, խորհրդում աշխատանքը չի ենթադրում աշխատավարձ եւ պիտի իրականացվի ոչ վճարովի հիմունքներով, արդյոք դա կարելի է համարել ստեղծագործական բնույթի աշխատանք, թե ոչ: