Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում նոր փորձաքննություն է նշանակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպարտակ Ղուկասյանի փաստաբանը՝ Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ հետքաբանական փորձաքննություն է նշանակված, ըստ այդմ՝ փորձում են պարզել Սպարտակ Ղուկասյանի մեքենայի մեջ՝ նստատեղերին, մանրաթելեր կան, թե ոչ եւ ինչ մանրաթելեր են:

«Այդ փորձաքննության նշանակումը ոչ մի կերպ արդարացված չէ, նույն հաջողությամբ կարող էին ձեռագրաբանական փորձաքննություն նշանակել: Այդպես փորձում են ձգձգել գործի քննությունը: Ես դրա վերաբերյալ առարկություն եմ ներկայացրել քննիչին՝ նշելով, որ այդ փորձաքննությունը գործի հետ կապ չունի եւ իմ կարծիքով՝ այդպես գործի քննությունը ձգձգում են»,- ասաց փաստաբանը:

Նա շեշտեց, որ կցանկանար, որ գործն ուղարկվեր դատարան եւ բոլորը տեսնեին, թե Սպարտակ Ղուկասյանին ինչ անհեթեթ մեղադրանք է առաջադրված: «Եթե նախաքննական մարմինը կարճի գործը, ես պատկերացնում եմ՝ ինչ մեկնաբանություններ կարող են առաջանալ, կգերադասեի գործը ուղարկվեր դատարանը, բոլորի համար տեսանելի լիներ, թե ինչ է իրականում եղել: Երբ ես ասում եմ, շատերը մտածում են, որ կողմնակալ է, բայց կգնա դատարան, կտեսնեք»,-ասաց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգոռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»: Ավելի ուշ այս ամենի տեսագրությունը հայտնվել է համացանցում:  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով:

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: