Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայսը) տեղյակ չէր, որ լրագրողների դիմումն ընդդեմ իրեն Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը վարույթ է ընդունել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Առաքել Մովսիսյանն ասաց հետեւյալը. «Վարույթ են ընդունել, ոնց ուզում են, թող տենց էլ անեն»:

Դիտարկմանը, թե նեղացած չեք ձեր գործընկերներից, որ թույլ տվեցին դիմումը վարույթ ընդունել, պատգամավորը նկատեց, թե «ընդհանրապես տղամարդը երբեք չի նեղանում ոչ մի բանից»:

Հարցին, թե հնարավոր է Էթիկայի հանձնաժողովը որոշում կայացնի, որ խախտել եք պատգամավորի էթիկան, ներողություն կխնդրեք լրագրողներից: «Շուտ պետք է որոշեր էթիկայի հանձնաժողովը, կարող ա-ով չենք խոսում: Իրենց պրոբլեմն է էտի»: Դիտարկմանը, թե ներողություն կխնդրեք լրագրողներից, Առաքել Մովսիսյաննն ասաց, «լավ հաջողություն ձեզ» ու անջատեց հեռախոսը:

Նշենք, որ Էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել լրագրողների դիմումն ընդդեմ Առաքել Մովսիսյանի: Դիմումը վերաբերում է հայ-ռուսական գազային համաձայնագրի ժամանակ ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին: Երբ մի խումբ լրագրողներ ներկայացրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը եւ կարծիքը նիստի ընթացքում քվեարկվող միջազգային համաձայնագրերի վերաբերյալ, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացականչել էր` «էս կապիկներին էլ հանեք ստից»: