Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը երբեք չի կարող աշխատել, մարտի 17-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ ընդգծելով, որ ամենասկզբից դեմ էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:
Ըստ նրա՝ ոչ ոք չի կարող կանխատեսել ֆինանսական ճգնաժամերը, եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ տարիներ անց քաղաքացին կարող է գոնե վերադարձնել իր գումարը: Վարդան Բոստանջյանն ընդգծել է, որ առայժմ անհասկանալի է նույնիսկ, թե որտեղ են այդ գումարներն օգտագործվելու: «Թող այդ գործընթացն այսպես էլ շարունակվի, որպեսզի մեզ մոտ էլ Ուկրաինայի իրադարձությունները տեղի ունենան», - ասել է նախկին պատգամավորը:
Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀ հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, նշել է, որ ավելի լավ կլիներ կենսաթոշակային նոր համակարգը կիրառվեր կամավորության սկզբունքով:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ուժի մեջ է մտել 2014-ի հունվարի 1-ից: Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի («պարտադիր» բաղադրիչին առնչվող) գործողությունը: ՍԴ վերջնական որոշումը կկայացվի մարտի 28-ին:




























