Ապրիլի 1-ից կգործարկվեն Երեւանի բոլոր ցայտաղբյուրները, ապիրլի 7-ից՝  շատրվանները: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, նշվել է Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Անվտանգ քաղաք» ծրագրի աշխատանքների շրջանակում էլ հանձնարարվել է կարգի բերել արտաքին լուսավորության ցանցն ու տեսախցիկներով կահավորել Մանկական երկաթուղու, ինչպես նաեւ դեպի երկաթուղի տանող թունելի տարածքը:

Հանձնարարվել է նաեւ հայտնաբերել ու գույքագրել վարչական շրջաններում գտնվող եւ ոչ նպատակային նշանակությամբ տնօրինվող գույքերն եւ օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:

Երեւանի գլխավոր ճարտարապետն էլ զեկուցել է, որ գույքագրվել է նախկինում կառուցված 417 մասնավոր օբյեկտ, որոնց սեփականատերերը պարտավորություն են ստանձնել սեփական միջոցներով իրենց կառույցների մուտքերը հարմարեցնել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժի համար: Զեկուցողը նաեւ հավելել է, որ տվյալ օբյեկտներից 11-ն արդեն իսկ կառուցել են սահմանված չափորոշիչներով թեքահարթակները: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել հնարավորին սեղմ ժամկետում եւ դրանց իրականացման նկատմամբ տեղերում սահմանել խիստ հսկողություն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am