Երեւանի քաղաքապետարանի ենթակայության Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցի տնօրենը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին նշվել է քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Նշվել է, որ մանկավարժին ոչ հարիր պահվածքի համար նույն տնօրենը շուրջ 6 ամիս առաջ ստացել էր բանավոր խիստ նկատողություն եւ նախազգուշացվել, որ կրկնվելու դեպքում կազատվի աշխատանքից:

Անդրադառնալով տնօրենի ազատման հարցին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է. «Զբաղեցրած պաշտոնից կազատվեն բոլոր այն դպրոցների տնօրենները, որոնք թույլ կտան իրենց մանկավարժին ոչ հարիր պահվածք: Դպրոցում կարգուկանոնի եւ  համապատասխան առողջ մթնոլորտի ապահովումը մեզ համար կարեւոր է, եւ այդ հարցում մեր մոտեցումը հստակ է: Եթե ծնողների կողմից կան արդարացի դժգոհություններ, ընդ որում՝ երբ դրանք մի քանի անգամ են բարձրացվում, ապա պետք է անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր: Աշակերտների եւ ծնողների նկատմամբ կոպիտ եւ անհարգալից վերաբերմունքն անպատիժ չի կարող մնալ: Եվ սա վերաբերում է ոչ միայն հանրակրթական, այլեւ կրթամշակութային բոլոր հաստատությունների տնօրեններին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նշվել է, որ խիստ նկատողություն է հայտարարվել նաեւ թիվ 37 դպրոցի տնօրենին՝ նախազգուշացմամբ, որ կրկնվելու դեպքում վերջինս կազատվի աշխատանքից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել նաեւ դպրոցներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ դրամահավաքության որեւէ դեպքի հայտնաբերման պարագայում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ընդհուպ՝ տնօրեններին աշխատանքից ազատում: