Աղբ տեղափոխող մեքենաների թափքերը պետք է ծածկված լինեն, սակայն միշտ չէ, որ այդպես է: Այդ մասին, այսօր՝ մարտի 17-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Խստորեն հետեւեք, որ աղբահանության աշխատանքները կազմակերպվեն ու իրականացվեն այնպես, ինչպես սահմանված կարգն է: Մասնավորապես, աղբ տեղափոխող մեքենաների դեպքում հստակ սահմանված է, որ դրանց թափքերը պետք է ծածկված լինեն, մինչդեռ այսօր հանդիպում ենք նաեւ դեպքերի, երբ տվյալ նորմը չպահպանելու պատճառով աղբավայր տեղափոխվող աղբի մի զգալի մասը հայտնվում է փողոցների երթեւեկելի հատվածներում: Մեր համաքաղաքացիներից նաեւ դժգոհություններ ենք ստանում, որ աղբի տեղափոխման գործընթացը փնթի է կազմակերպվում, ինչի հետեւանքով աղբատարների հարակից տարածքները միառժամանակ վերածվում են մինի աղբավայրերի: Նման անփութությունն անթույլատրելի է, ուստի ձեռնարկեք համապատասխան միջոցներ ու խստորեն հետեւեք սահմանված նորմերի պահպանմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների մասով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ դրանք վարչական բոլոր շրջաններում ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Զեկուցվել է նաեւ, որ կայացել է ոռոգման ցանցերի ընդլայնման համար հայտարարված մրցույթը: Արդյունքների ամփոփումից հետո կմեկնարկեն բուն աշխատանքները:




























