ԱՄՆ ՌԾՈւ հատուկ նշանակության ջոկատը գրավել է Լիբիայի անջատողականներից ապօրինի կերպով ձեռք բերված նավթ տեղափոխող հյուսիսկորեական Morning Glory տանկերը:

Տանկերի գրավման գործողությունը տեղի է ունեցել մարտի 16-ին՝ Միջերկրական ծովի միջազգային ջրերում: Հատուկ ջոկատայինները նավի վրա են իջել ուղղաթիռից:

Գործողության ընթացքում, որը իրականացվել է Լիբիայի ու Կիպրոսի խնդրանքով, ոչ ոք չի տուժել: Նավը հետ է ուղարկվել Լիբիա ու կփոխանցվի այդ երկրի իշխանություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տանկերի հետ տեղի ունեցած միջադեպը ավելի է սրել Լիբիայում քաղաքական ճգնաժամն ու հանգեցրել է երկրի վարչապետ Ալի Զեյդանի հրաժարականին:

Մարտի 10-ին հայտնի է դարձել, որ Լիբիայի խորհրդարանը հրամայել է ձեւավորել ու զորքեր ուղարկել նավթային նավահանգիստներն ազատագրելու: