Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը դիմել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւին՝ Malaysia Airlines-ի Boeing 777 օդանավի որոնման աշխատանքներին մասնակցելու խնդրանքով: Խնդրանքը հնչել է հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Խնդրվել է տրամադրել ողջ տեղեկատվությունը, որը կարող է օգտագործվել օդանավի տեղաշարժման երթուղին որոշելիս», - ասված է հաղորդագրությունում:

Մալազիայի վարչապետի խոսքով՝ «հնարավոր երթուղիներից մեկը Ղրղըզստանի օդային տարածքով անցնելու տարբերակն է»:

Ատամբաեւը Մալազիային օգնելու  պատրաստակամություն է հայտնել: Նա վստահեցրել է, որ Տրանսպորտի եւ կապի նախարարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը, ինչպես նաեւ հանրապետության  պաշտպանության նախարարության օդային պաշտպանության ուժերը «մալազիացի գործընկերներին կտրամադրեն անհրաժեշտ  ողջ տեղեկությունը», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պետության ղեկավարը նշել է, որ Ղրղըզստանի ժողովուրդը «ցավում է անհետացած Boeing 777-ի անձնակազմի եւ ուղեւորների հարազատների հետ եւ հուսով է օդանավի  որոնումների դրական արդյունքներին»:

Հիշեցնենք, որ 227 ուղեւորներով եւ անձնակազմի 12 անդամներով Boeing 777-200 օդանավը, որը Կուալա Լումպուրից  թռչում էր Պեկին, մարտի 7-ի լույս 8-ի գիշերն անհետացել էր ռադարների էկրաններից: Օդանավի գտնվելու վայրը մինչ այժմ հայտնի չէ: 

Վարկածների շարքում նշվում է օդանավի ընկնելը, ինչպես նաեւ  հնարավոր առեւանգումը: