Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի 45-ամյա բնակիչ, նախկինում դատված Վաղարշակ Դ.-ն մեղադրվում է նախկին կնոջը ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 13-ին ժամը 14:30-ի սահմաններում: Վաղարշակը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ՝ Նինա Դ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Վաղարշակը ծեծի է ենթարկել նրան՝ պատճառելով ձախ ճակատաքունքային, քթի աջ եւ ձախ կեսերի, ձախ նախաբազկի արյունազեղումներ:

Վաղարշակ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 20-ին: