Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի 51-ամյա բնակիչ Ռուբեն Ղ.-ն մեղադրվում է Լարիսա Հ.-ի վստահությունը չարաշահելով 4.5 մլն դրամ հափշտակելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել 2012-2013թթ.: Ռուբեն Ղ.-ն մեկ տարվա ընթացքում հանդիպումներ է ունեցել Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի բնակչուհի Լարիսա Հ.-ի հետ՝ ներկայանալով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական: Ռուբենը Լարիսային խոստացել է կարգավորել տան հետ կապված դատական գործընթացը: Այս կերպ վերջինս Լարիսա Հ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է 4.5 մլն դրամ:
Ռուբեն Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Ռուբեն Ղ.-ն կալանավորված է եւ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 21-ին:



























