Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) կաջակցի «Յունիբանկ» ՓԲԸ-ին ներկրող եւ արտահանող ՓՄՁ-ների վարկավորման ծրագրի ընդլայնման, ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձարցման, առեւտրի խթանման եւ հավելյալ աշխատատեղերի ստեղծման գործընթացներում:
IFC-ին Յունիբանկին կհատկացնի 5 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով վերականգնվող վարկային գիծ, որը կուղղվի առեւտրի խթանմանն ու փոքր եւ միջին ձեռնարկությունների շրջանառու միջոցների համալրմանը:
«Լրացուցիչ վարկային միջոցները հնարավորություն կտան բանկին վարկառուներին առաջարկել ավելի մատչելի պայմաններ եւ միջոցներ՝ հասանելի դարձնել ավելի մեծ թվով ձեռնարկատերերի համար: Այդ կերպ մենք ձգտում ենք դառնալ բիզնեսի համար առավել շահավետ գործընկեր եւ նպաստել դրա զարգացմանը, հատկապես շեշտը դնելով ՓՄՁ-ների առաջխաղացման վրա», - ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:
Հիշեցնենք, որ 2013թ.-ի դեկտեմբերին IFC-ն եւ Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկը (BSTDB) Յունիբանկի հետ կնքեցին համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում բանկին կհատկացվի 10 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է ՓՄՁ-ների երկարաժամկետ վարկավորմանը: ՓՄՁ-ների վարկավորման եւ ռիսկերի կառավարման գործընթացի բարելավման նպատակով IFC-ն Յունիբանկին մատուցում է նաեւ խորհրդատվական ծառայություններ ռկսերի կառավարման եւ ՓՄՁ-ների վարկավորման ուղղությամբ:
«Իրենց ամենօրյա գործարքներն իրականացնելու համար նման կարճաժամկետ ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորությունները ներկրող եւ արտահանող ձեռնարկությունների համար հաճախ սահմանափակ են: Ծրագրի նպատակն է աջակցել տեղական ընկերություններին եւ դրական ազդեցություն ունենալ ընդհանուր տնտեսության վրա»,- նշեց IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:
Հայաստանը IFC անդամ եւ բաժնետեր է դարձել 1995թ.: IFC-ն 287 մլն դոլար է ներդրել ֆինանսական, արտադրության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտների 48 ծրագրերում:




























