Մալազիական կորած Boeing-777 օդանավի որոնման գործողությունը շարունակվում է մարտի 17-ին: Ավստրալիան այն «հարավային հատվածում» որոնելու պատասխանատվություն է ստանձնել:
Մալազիական իշխանությունները պնդում են, որ օդանավը դիտմամբ շեղել են նախատեսված ուղղությունից եւ այն ուղեւորվել է կամ Կենտրոնական Ասիա, կամ Հնդկական օվկիանոսի հարավային հատվածի կողմ:
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը խորհրդարանում երկուշաբթի ելույթ ունենալիս հայտարարել է, որ Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը դիմել է ավստրալական իշխանություններին՝ խնդրելով գլխավորել հարավային հատվածի որոնումները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Նա խնդրել է, որպեսզի Ավստրալիան ստանձնի հարավային հատվածում որոնումների պատասխանատվությունը, որը, ըստ Մալազիայի իշխանությունների, այդ չարաբաստիկ օդանավի երթուղու հնարավոր ուղղություններից մեկն է, - ասել է Էբոթը: - Ես ասացի, որ մենք կարող ենք դա անել: Ես Մալազիայի վարչապետին լրացուցիչ ռեսուրսներ առաջարկեցի՝ ծովային որոնումների համար, եւ այդ առաջարկությունն ընդունվեց երախտագիտությամբ»:
Ավելի վաղ Էբոտը հայտնել էր, որ տեղեկություններ չունի 239 ուղեւորներով Boeing-777-ի՝ Ավստրալիայի տարածքին մոտենալու մասին:
Ներկայումս որոնումներն ընդգրկում են 11 երկրների ջրային տարածք՝ Ավստրալիայից մինչեւ Ղազախստան: Որոնումներին մասնակցում է 25 երկիր:
Մինչ այդ իշխանությունները սաստկացնում են օդաչուների անձի նկատմամբ ուշադրությունը: Խուզարկություններ են իրականացվել նրանց տներում: Հարցաքննվում են նաեւ թռիչքից առաջ օդանավը սպասարկած ինժեներները:



























