Հայաստանի Պետական կառավարման ակադեմիայի (ՊԿԱ) գրադարանում ՄԱԿ-ի անկյուն է բացվել, որի շնորհիվ ուսանողներն այսուհետ առավել շատ հնարավորություններ կունենան հարստացնելու իրենց գիտելիքները ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի եւ հայաստանյան գործունեության մասին:

Վերոհիշյալ համալսարանի եւ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) միջեւ այսօր՝ մարտի 17-ին, Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել:

ՄԱԿ-ի արժեքների տարածմանը կնպաստեն նաեւ ՄԱԿ-ի մոդել համաժողովները, ՄԱԿ-ի հիշարժան օրերը, իրազեկման դասախոսությունները եւ քննարկումները` որպես համաձայնագրով նախատեսված համատեղ միջոցառումներ:

ՄԱԿ-ի անկյանը տրամադրած ՄԱԿ-ի մուլտիմեդիա նյութերը եւ հրատարակությունները կօգնեն երիտասարդներին ձեռք բերել համակողմանի գիտելիքներ ՄԱԿ-ի աշխատանքների վերաբերյալ:  Ակադեմիան ՄԱԿ-ի անկյունը կգործածի նաեւ ՄԱԿ-ի հետ կապված մշակութային, կրթական եւ այլ միջոցառումներ իրականացնելու նկատառումներով:

ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշել է. «Երիտասարդների կարողությունների եւ հնարավորությունների ընդլայնումը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում, քանի որ երիտասարդները  համարվում են հասարակության շարժիչ ուժը: Ուսանողները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են եւ մեր վստահելի գործընկերները` ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության եւ անվտանգության, մարդկային կայուն զարգացման խթանման հարցերում: Մենք ուրախ ենք աջակցելու նրանց գիտելիքների հարստացման եւ ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվածության խթանման հարցում»:

«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը ՄԱԿ-ի հետ: Մեր երկուստեք համագործակցությունը ուսանողներին հնարավորություն կընձեռի ներգրավվելու ՄԱԿ-ի աշխատանքներում եւ դառնալու իրենց երկրի իրազեկ եւ ակտիվ քաղաքացիներ»,- ասել է ՊԿԱ ռեկտոր՝ Արսեն Լոքյանը:

Մինչ այս երկկողմ համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել եւ ՄԱԿ-ի անկյուններ բացվել Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Եվրասիա միջազգային համալսարանում եւ Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայում: Իսկ ԵՊՀ-ն, համաձայնագիր ստորագրելուց բացի, հյուրընկալում է նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի երկու ավանդապահ (դեպոզիտար) գրադարաններից մեկը: