Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 46-ամյա բնակիչ Գեւորգ Ս.-ն մեղադրվում է հարեւաններին քարերով եւ երկաթյա ամրանով սպանելու փորձ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 2-ին ժամը 16:30-ի սահմաններում: Գեւորգ Ս.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հարեւաններ Հասմիկ Ա.-ի եւ նրա որդիների՝ Արամի եւ Արմենի հետ: Վիճաբանության ընթացքում Գեւորգը սպառնացել է երկաթյա ամրանով ու քարերով սպանել նրանց: Բարեբախտաբար, Գեւորգն իր սպառնալիքը չի կատարել. Նույն գյուղի բնակիչ Գագիկ Մ.-ին հաջողվել է կանխել այն:

Գեւորգ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով. Այն է՝ Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել: Գեւորգին սպառնում է տուգանք՝  նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, ազատազրկում առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 20-ին: