Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը «Կամելոտ» ռեստորանում մինչեւ ուշ գիշեր հնչող բարձր երաժշտության համար դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
«Հարգելի պարոն Գասպարյան, վրդովմունքով ինձ է դիմել Երեւանի Մաշտոցի պողոտայի 31 շենքի 3-րդ բնակարանի բնակչուհի 76-ամյա Ստելլա Առուստամյանն այն մասին, որ իր բնակարանի ներքեւի հարկում գործող «Կամելոտ» ռեստորանում մինչեւ գիշերվա 2-ը հնչում է ինչպես «կենդանի» այնպես էլ մագնիտոֆոնային երաժշտություն: Դիմումին կից ներկայացրել է տարիներ շարունակ տարբեր ատյաններին ներկայացրած իր դիմում բողոքները, ընդհուպ մինչեւ ՀՀ վարչապետ, սակայն, ինչպես ինքն է ներկայացնում, Ձայն բարբառո անապատի: Տիկին Ստելլայի ներկայացրած փաստաթղթերում առկա են նաեւ ոստիկանությանն ուղղված դիմումներ եւ պատասխաններ, որոնք վկայում են այն մասին, որ ոչ մի պատիժ չի ազդում ռեստորանի տնօրինության վրա, որովհետեւ, ինչպես ներկայացնում է տիկին Ստելլան, ռեստորանի իրական տերը բարձր պաշտոնյա է /սպորտի եւ երիտասարդության փոխնախարար/: Նշեմ, որ ըստ Երեւանի փոխքաղաքապետի 25.11.2013 թվակիր գրության, քաղաքապետարանի կողմից ռեստորանին ժամը 23.00-ից հետո աշխատելու թույլտվություն չի տրվել, իսկ ՀՀ առողջապահական պետական տեսչության ստուգումների արդյունքներով, աղմուկը նորմայի սահմաններում է: Կարծում եմ, շատ լավ եք պատկերացնում 76-ամյա մարդու անաղմուկ գիշերային հանգիստ ունենալու ամենօրյա պահանջը, որը խաթարվում է ամեն գիշեր: Խնդրում եմ ոստիկանության իրավասությունների շրջանակում ձեռնարկել հնարավոր միջոցները կարգի հրավիրելու «Կամելոտ» ռեստորանի տնօրինությանն ու ապահովել 76-ամյա թոշակառու կնոջն իր բնակարանում անաղմուկ ապրելու պայմաններ»,- ասվում է Բախշյանի հայտարարության մեջ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























