Շվեյցարիայի նախագահ Դիդիյե Բուրկհալտերը պատասխանել է «Շանթ եւ ազատություն» հիմնադրամի նամակին՝ նշելով, որ տեղյակ է Շանթ Հարությունյանի գործին:

Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են. «Նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա 13 համախոհների նկատմամբ իրագործվող ապօրինության փաստը միջազգային մակարդակով լսելի դարձնելու համար 2013 թ. դեկտեմբերի 28-ին բաց նամակ էր հղվել աշխարհի հինգ քաղաքական գործիչների։ Նամակը ստորագրել էին ՀՀ ավելի քան հազար հինգ հարյուր քաղաքացի։ Ձերբակալվածները մինչեւ հունվարի 13-ը զրկված էին հարազատների հետ հանդիպելու, անգամ հեռախոսակապի հնարավորությունից։ Հունվարի 13-ին վերջապես այդ արգելանքը հանվեց։ Փետրվարի 14-ին պատասխան ստացվեց Շվեյցարիայի նախագահ Դիդիյե Բուրկհալտերից, որում մասնավորապես ասվում է, որ նա տեղյակ է Շանթ Հարությունյանի եւ համախոհների հետ կապված դեպքերին, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը համաշխարհային մակարդակով Շվեյցարիայի կառավարության արտաքին քաղաքականության կարեւորագույն եւ առաջնային խնդիրներից է եղել եւ շարունակում է մնալ այդպիսին։ Շվեյցարիայի Արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտն ուշի ուշով հետեւում է Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին։ Շվեյցարիան բազմակողմանի շփումներում Հայաստանին հիշեցնում է իր միջազգային պարտավորությունները եւ քաջալերում բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունն այս տարածաշրջանում։ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած հայտնի իրադարձություններից հետո Շվեյցարիան իր կոշտ դիրքորոշումն է արտահայտել՝ հորդորելով Հայաստանի իշխանություններին անկախ ու թափանցիկ հետաքննություն սկսել` բացահայտելու եւ խստորեն պատժելու անհարկի ուժ գործադրողներին. նաեւ հորդորեց Հայաստանին` ապահովել խոսքի ազատությունը՝ դրա համար մոբիլիզացնելով քաղաքական ուժերը, լրատվամիջոցները։ Տեղեկացնենք նաեւ, որ Human Rights Watch կազմակերպությունը 2013թ. իր տարեկան հաշվետվության մեջ Շանթ Հարությունյանին եւ ընկերներին ճանաչել է քաղբանտարկյալ։ Հայաստանում Հելսինկյան կազմակերպության Վանաձորի գրասենյակը նրանց նույնպես քաղբանտարկյալ է համարում։ 2014թ. քաղբանտարկյալներ կան միայն բռնապետական, թերզարգացած, կործանվող երկրներում»: