ՀՔԾ պետի նախկին տեղակալ Արմեն Նադիրյանն արդեն վերականգնել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու լիցենզիան եւ գործունեություն է ծավալում որպես անհատ ձեռներեց։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Նադիրյանը։
Նա տեղեկացրեց, որ արդեն գրասենյակը բացել է, զբաղվելու է հիմնականում քրեական գործերով, հնարավոր է նաեւ քաղաքացիական գործերով պաշտպանություն իրականացնի։ Փաստաբանական գործունեությանը զուգահեռ՝ Արմեն Նադիրյանը մտադիր է նաեւ դասավանդել որեւէ բուհում։ Հարցին, թե եթե ՀՔԾ-ում ձեր աշխատելու տարիներին եղած գործերով ձեզ դիմեն, պաշտպանություն կիրականացնեք, արդեն փաստաբան Արմեն Նադիրյանն ասաց, որ «Քրեական դատավարության օրենսգիրքը» դա արգելում է, հետեւաբար՝ ինքը կհրաժարվի նման գործերով պաշտպանություն իրականացնել։
Նա նաեւ նշեց, որ պետական մարմիններում աշխատելու առաջարկներ են եղել, բայց ինքը մերժել է։ «Ի՞նչ տարբերություն, եթե պիտի աշխատեի, կմնայի այնտեղ կաշխատեի։ Ես ցանկանում էի փոխել աշխատանքս, որ մի քիչ ավելի ազատ ժամանակ ունենամ, ուզում եմ զբաղվել փաստաբանական գործունեությամբ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի հրամանով ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանն իր դիմումի համաձայն, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա ընդամենը 44 տարեկան է։
Հատուկ քննչական ծառայության պետի մեկ այլ հրամանով հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ:




























