Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին չի կասկածում, որ դատարանը կբավարարի իր դեմ ոստիկան Աիդա Դեմիրխանյանի հայցը, որով ոստիկանը պահանջում է Գասպարիից 1 միլիոն դրամ բռնագանձել իրեն անձնական վիրավորանք հասցնելու համար։ Այս մասին մարտի 17-ին գործով դատական առաջին նիստից հետո NEWS.am-ին ասաց Վարդգես Գասպարին։ Հիշեցնենք, որ Գասպարին Վարչական դատարանում ոստիկանության աշխատակցին ասել էր. «Դուք ավելի ստոր սրիկաներ եք, քան Երեւանյան լճի ափին կանգնող մարմնավաճառները»։

«Մարմնավաճառները վաճառում են իրենց մարմինը, ոստիկաններն էլ՝ մարդկանց ճակատագրերը. կաշառքով  մեկի հանցանքը գցում են մյուսի վրա։ Այդ հիմնավորմամբ, իմ կարծիքով, մի շարք ոստիկանության աշխատակիցներ բազմապատիկ անգամ ավելի ստոր եւ անարժանապատիվ են, քան ամենաէժան մարմնավաճառները... Ես դատարանում հայտարարեցի, որ իմ ուժերից վեր է ոստիկանին վիրավորել։ Ոստիկանության բաժիններում շատ եմ տեսել, որ իրար հետ խոսելիս իրենք շատ գռեհիկ արտահայտություններ են թույլ տալիս, եւ դա անում են շատ ուրախ, ժպիտը դեմքներին, այս դեպքում ի՞նչ պիտի անի խեղճ քաղաքացին, որ վիրավորի իրենց»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին։

Նշենք, որ ոստիկանության աշխատակցի բողոքը ներկայացվել է Վարչական դատարանում տեղի ունեցած նիստից հետո, որտեղ քննվում էր ոստիկանության հայցը Գասպարիի դեմ։ Այդ հայցով ՀՀ ոստիկանությունը ակտիվիստից 50 հազար դրամ էր պահանջում հունիսի 3-ին «Հարսնաքար» ռեստորանի մոտ բողոքի ակցիային մասնակցելու ընթացքում ոստիկանությանը «ստոր, սրիկա, հանցագործ» անվանելու համար:

Գասպարին պատմեց, որ 2013թ. հունիսի 3-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց մի քանի քաղաքացիների հետ բողոքի ակցիա էր իրականացրել ներսում հարսանյաց արարողություն տեղի ունենալու հետ կապված՝ դա անհարգալից վերաբերմունք համարելով նույն վայրում 2012թ. հունիսի 17-ին «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակի հանդեպ։

«Հարսնաքարում տեղի է ունեցել սպանության եւ այդ սպանության դեմ քաղաքացին եկել է, որ բողոքի, իսկ ոստիկանությունը վարչական դատարանում հայտարարել է, որ իրենք հանձնարարություն են ստացել, որ ռեստորանի շրջակայքում թույլ չտան բողոքի ակցիա անցկացնել»,-ասաց Գասպարին՝ նկատելով, որ ոստիկանությունը իրավունք չունի հանրային տարածք հանդիսացող մայթին չթույլատրել բողոքի ակցիայի անցկացումը։

Հիշեցնենք, որ ակցիայի անցկացման վայրից Գասպարիին բերման էին ենթարկել, այնուհետեւ կազմել վարչական իրավախախտման մասին արձանագրություն։

Գասպարիի խոսքով՝ ոստիկանությունը կատարում է «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությունը. «Դա ի նկատի ունենալով՝ ես նշել եմ, որ ոստիկանությունը հանդիսանում է օլիգարխի «կոշիկի լաթը»։