Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է երկրի նախագահի առաջին թեկնածու, գլխավոր դատախազի նախկին առաջին տեղակալ Ռենատ Կուզմինի թեկնածությունը: Նման որոշում կայացվել է ԿԸՀ մարտի 17-ի նիստում, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Կուզմինը ներկայացրել է 2,5 մլն գրիվնա ընտրագրավի անդորրագիրը մարտի 14-ին:
Կուզմինը համակարգել է ընդդիմության դեմ ամենաաղմկահարույց գործերի քննությունը, այդ թվում՝ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի եւ ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոյի, նաեւ նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի դեմ հարուցված գործերը:
Նշենք, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում Կուզմինին մեղադրում են մարդու իրավունքների խախտման մեջ, նրան պետք է հարցաքննեին Տիմոշենկոյի հայտարարության հիման վրա:
Նախագահական արտահերթ ընտրություններն Ուկրաինայում կայանալու են մայիսի 25-ին, դիմումների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 4-ն է:




























