Ուկրաինան պատրաստ է բանակցությունների Ղրիմի ճակատագրի վերաբերյալ, սակայն չի ճանաչում դրա անեքսիան: Այդ մասին ասվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի հայրենակիցներին ուղղված ուղերձում, հաղորդում է lb.ua-ն:
«Ղրիմի ռազմական շրջափակման փորձերը ժամանակավոր են եւ չեն բաժանի թերակղզին Ուկրաինայից: Մենք պատրաստ ենք բանակցւթյունների, սակայն չենք հաշտվի մեր հողի հանդեպ անեքսիայի հետ»,- ասվում է ուղերձում: Ուկրաինայի խորհրդարանի խոսնակը նաեւ նշել է, որ ուկրաինացիների հակառակորդները ռուսաստանցիները չեն, որ Մոսկվայի փողոցներ են դուրս գալիս, այլ ՌԴ քաղաքական ղեկավարությունը: « Նրանք սպառնում են կայսրությունը վերականգնել: Նրանք սարսափում են Ուկրաինայի օրինակից, որտեղ ժողովուրդը հաղթանակեց ամբողջատիրությանը»,- հայտարարել է Տուրչինովը: Նա նաեւ հավելել է, որ չնայած տնտեսական ճգնաժամին՝ ուկրաինական կառավարությունը միջոցներ է գնտում բանակի եւ Ազգային գվարդիայի համար:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմի Գերագույն խորհուրդը թերակղզին անկախ ինքնիշխան պետություն հռչակեց` Սեւաստոպոլի հատուկ կարգավիճակով: Ղրիմն ի դեմս Գերագույն Ռադայի դիմեց ՌԴ-ին՝ դրա կազմի մեջ մտնելու համար: Բացի այդ Ղրիմի խորհրդարանը փոխեց իր անունը՝ Ղրիմի Հանրապետության Պետական խորհուրդ, եւ հաստատեց պետական սահմանները:




























