Այսօր ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածել այն մասին, որ հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեզ ծանոթ են այս մեթոդները, որոնք նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը եւ հող պատրաստել նոր սադրանքների համար: Հայկական կողմը վճռականորեն դատապարտում է այս գործելաոճը եւ կոչ անում անմիջապես միջազգային դիտորդների հրավիրել ու քննել միջադեպի մանրամասները, գտնելով մեղավորներին»,- նշել է նա:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների պնդման՝ Ֆիզուլիի ուղղությամբ զոհվել է 20-ամյա Էլվին Հասանովը: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով զոհված զինվորին շնորհվել է արիության երրորդ աստիճանի շքանշան՝ մարտում դրսեւորված «զինվորական գերազանց ծառայության համար»:




























