Մալազիական բոինգի անհետացումը հետաքննող քննիչները հաղորդել են, որ ռադարների էկրանից անհետացած ինքնաթիռի հաղորդակցման սարքերն անջատվել են ձեռքով այն բանից հետո, երբ օդաչուները վերջին հաղորդագրությունն են ուղարկել. «Ամեն ինչ լավ է, բարի գիշեր»: Այսպիսով, ինքնաթիռի առեւանգման վարկածը դարձել է հիմնականը հետաքննության մեջ:
Հանգստյան օրերին ոստիկանությունը խուզարկել է 53-ամյա Զախարիա Ահմադ Շահի եւ 27-ամյա ֆարիդ Աբդուլ Համիդի տները: Նաեւ պարզվել է, որ օդանավի հրամանատարը եղել է ընդդիմության ակտիվիստ: Թռիչքից մի քանի ժամ առաջ նա եղել է դատարանում, որտեղ դատում էին Մալազիայի ընդդիմության առաջնորդ Անվար Իբրահիմին, ով մեղադրվում է նույնասեռականության մեջ: Դատարանն ընդդիմադիր գործչին թողել էր կալանքի տակ:
Ամերիկյան կոնգրեսական Մայքլ ՄքՔոլը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ինքնաթիռը կարող էին առեւանգել ահաբեկիչները եւ տեղափոխեին Ինդոնեզիայի կղզիներից մեկը, որոնք այն կարող են օգտագործել որպես հսկա հրթիռ: Այդ վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ հաղորդակցության սարքեն անջատելուց հետո ինքնաթիռը դեռ 6,5 ժամ թռել է, ընդ որում այնքան ցածր, որ շատ երկրների ռադարներ չեն արձանագրել:
Չի բացառվում նաեւ, որ օդնավաը բախվել է անօդաչու թռչող սարքի:
Մալազիան որոնումների համար դիմել է 26 երկրների: Որոնումների շրջանն ընդլայնվել է տարբեր ուղղություններով:



























