Ջիդայում 100 տարեկան հասակում վախճանվել է պրոֆեսիոնալ մուրացկանուհի Աիշան, ով ավելի քան 50 տարի ալ-Բալադ կենտրոնական շրջանի փողոցներում զբաղվում էր մուրացկանությամբ. Գրեթե բոլոր բնակիչները դեմքով ճանաչում էին նրան, հաղորդում է newsru.co.il-ը:

Սակայն միայն նրա մահից հետո հարեւաններն իմացել են, որ Աիշան իր արհեստով զգալի գումար է վաստակել: Նա քաղաքի կենտրոնում 4 շինության, ինչպես նաեւ թանկարժեք իրերի ու ոսկեդրամների հավաքածուի սեփականատեր էր: Նրա ունեցվածքը գերազանցում էր 1 մլն դոլարը: Հարեւանը, ով կյանքի վերջին տարիներին խնամում էր նրան, պատմել է, որ Աիշայի մայրն ու քույրը նույնպես մուրացիկներ են եղել: Նա խոստովանել է, որ մեկն էր այն քչերից, ով տեղյակ էր Աիշայի հարստության մասին, եւ բազմիցս խնդրել է նրան թողնել մուրացկանությունը, սակայն նա ասում էր, որ «սեւ օրվա համար գումար է կուտակում»:

Տարեց կնոջ բնակարաններում ապրում էին կարիքավորները՝ առանց վարձավճարի:  Մահից հետո նրա ունեցվածքը կփոխանցվի պետությանը: Դա նշանակում է, որ նրա տներում ապրող ընտանիքները ստիպված կլինեն նոր կացարան որոնել: