Վոլոգդայի մարզի նահանգապետ Օլեգ Կուվշինիկովը պահանջել է ստուգել լրագրող Ռոման Ռոմանենկոյի կողմի մարտի 4-ին Facebook-ում կատարած գրառման բովանդակության ծայրահեղականությունը: Իր գրառման մեջ հեղինակը խնդրում է Վլադիմիր Պուտինի զորքերը մտցնել Վոլոգդայի մարզ:

«Մենք այստեղ գրեթե բոլորս ռուսալեզու ենք, մեր իրավունքները ոտնահարվում են: Մեր հիվանդները չեն կարող իրենց բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցներ ստանալ, կրթության մակարդակը տարեց տարի իջնում է, փակվում են մանկական խմբակները, գյուղատնտեսությունը գրեթե ոչնչացված է»,- գրել է Ռոմանենկոն:

«Զավթիչները, ովքեր անարդար ընտրությունների միջոցով խլել են իշխանությունը, ոչինչ չեն անում բնակչության համար… Մենք Ձեզ երախտապարտ կլինենք ու երաշխավորում ենք, որ ազատագրիչների դեմ որեւէ պարտիզանական պատերազմ չի մղվի: Հավանաբար, միջազգային պատժամիջոցներ  էլ  չեն հետեւի»,- հավելել է լրագրողը:

Ինչպես հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը, Ռոմանենկոյին դատախազություն հարցաքննության են կանչել, որտեղ աբսուրդային հարցեր են տվել, ինչպես օրինակ՝ «Փաստեր ունե՞ք, որոնք վկայում են գյուղատնտեսության փլուզման մասին»:

Անհայտ անձինք Ռոմանենկոյի տան դռան վրա ներկով նկարել են «ջնջված սվաստիկա», ներքեւում գրառելով՝ «Մայդան ստոպ»: