«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Երեւանում ոսկեգույն «Տ» դասի «Մերսեդես» հայտնվեց, որը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների եւ մեկնաբանությունների առիթ տվեց: Բանն այն է, որ նման մեքենաները հատուկ են արաբական շեյխերին, եւ շեյխական մեքենայի հայտնվելու հետ կապված հայ հանրության հուզումը հասկանալի է։

Շեյխերը, միլիարդատերերը սիրում են «տյունինգի» միջոցով իրենց մեքենաները դարձնել մասամբ ոսկյա կամ ոսկեջրել։ Հարցը, ուրեմն, հետեւյալն է. մի՞թե հայաստանյան աղքատության ֆոնին որեւէ մեկի մտքով անցել է շեյխական հաճույքներով զարմացնել հայաստանցիներին։

Երեւանում հայտնված ոսկեգույն «Մերսեդեսի» տերը, պարզվում է, Երեւանի բնակիչ Հայկ Վարդանյանն է։ Հայկը շենգավիթցի է՝ «երրորդմասցի», 21 տարեկան։ Նրա հայրը գործարար է, ասում է լայն հանրությանը ոչ հայտնի։ Հայկը մեզ հետ զրույցում պատմեց, որ ոսկեգույն մեքենաներ տեսել է Դուբայում, իսկ համացանցում ու սոցիալական ցանցերում բավականին երկար ժամանակ հետաքրքրվել է դրանցով։

Մեզ հետ զրույցում ասաց, որ իր մեքենան ոչ ոսկուց է, ոչ էլ ոսկեջրած։ Ըստ Հայկի, դրա մակերեսը ծածկվել է քրոմե ժապավենով, այսպես ասած «պլյոնկայով» թաղանթով։ Հայկը 98 սմ լայնությամբ եւ 27 մետր երկարությամբ թաղանթը պատվիրել է Ուկրաինայից 4100 ԱՄՆ դոլար արժեքով։ Պնդում է, որ բուն թաղանթապատելու աշխատանքների համար շատ քիչ գումար է ծախսել։ 300 դոլար է վճարել մասնագետին մեքենայի որոշ դետալներ քանդել-տեղադրելու համար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում