«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանը հերթական անգամ հայտնվել է աննախանձելի վիճակում՝ ճանաչե՞լ, թե՞ չճանաչել Ղրիմի «հանրաքվեի» արդյունքները երկընտրանքի առաջ:
Հայաստանի համար սա շատ նուրբ, չափազանց լուրջ խնդիր է, քանի որ երկու դեպքում էլ հետեւանքները կարող են վտանգավոր լինել: Առավել եւս, որ առայժմ տակավին անհայտ է նաեւ՝ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչո՞ւմ է Ուկրաինայի՝ Եվրոպայի ամենամեծ երկրի նոր իշխանություններին որպես լեգիտիմ, թե՞ ոչ: Իսկ դրանից ածանցվում է նաեւ Ղրիմի «հանրաքվեի» արդյունքները ճանաչել-չճանաչելու հարցը:

Ճանաչել դրանք՝ կնշանակի` չճանաչել Ուկրաինայի նոր իշխանություններին, որոնց, ի դեպ, ճանաչել է գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհը: Փաստարկը, որը շատերին դրդում է հանդես գալ Ղրիմի «հանրաքվեի» ճանաչման օգտին, բնականաբար, կապված է Ղարաբաղի հետ: Սակայն դա որքան կապված, նույնքան էլ վտանգավոր է: ԼՂ-ն ավելի քան երկու տասնամյակ ինքնիշխանություն հռչակած, թեկուզեւ աշխարհի կողմից չճանաչված անկախ պետություն է, մինչդեռ Ղրիմը քվեարկել է ՌԴ-ի կազմում ընդգրկվելու օգտին, ինչն աշխարհի կողմից գնահատվում է` որպես բռնակցում: Այդ տեսանկյունից Ղրիմի հանրաքվեի ճանաչումը կնշանակի, ըստ էության, լեգիտիմացնել ԼՂ-ն ՌԴ-ի կազմում ընդգրկելու իրավունքը եւ իրականացնել զորիբալայանական ուղերձը, որոնք, ի դեպ, բավական պոպուլյար են նաեւ հասարակության որոշակի շրջանում:

Այնպես որ, չափազանց վտանգավոր է Ղրիմի եւ ԼՂ-ի միջեւ համեմատություններ անցկացնելը, ինչով, ի դեպ, այս օրերին զբաղված են հայաստանյան բազմաթիվ հայտնի ու նորելուկ «քաղաքագետներ» ու «փորձագետներ»: Ճանաչել Ղրիմի հանրաքվեն՝ կնշանակի` նաեւ դեմ դուրս գալ գրեթե ողջ աշխարհին, որն, ի դեպ, ՌԴ-ի հետ միասին, զբաղվում է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Մյուս կողմից` ամբողջությամբ բացասական գնահատել այն, կնշանակի` կասկածի տակ դնել ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչի հիման վրա ԼՂ-ն անկախություն է հռչակել: Դրանով հանդերձ, կրկնում ենք, Արցախի հասարակությունն իր այդ իրավունքն իրացրել է անկախ պետություն ունենալու համար, եւ, բարեբախտաբար, արդեն երկու տասնամյակ աշխարհին ցույց է տալիս, որ շատ ավելի կայացած միավոր է, քան պետության անվան տակ հանդես եկող շատ այլ սուբյեկտներ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում