Իրատես de facto» թերթը գրում է. «Պարզվում է, Ազգային ժողովում բիզնես գործունեություն ծավալելն այնքան էլ շահութաբեր չէ: ԱԺ ճաշարանը շահագործող «Ռեդի-Սթեդի» ընկերությունը դժգոհ է իր եկամուտներից, քանի որ սնունդը լավ չի իրացվում: 2013-ին մեկ տարով կնքված պայմանագիրը շուտով կավարտվի, եւ ընկերությունը մտադիր չէ մասնակցելու նոր մրցույթին: Ասել է` խորհրդարանականները, պատգամավորները ԱԺ-ում սննդի վրա քիչ գումար են ծախսում: Ի դեպ, պատգամավորների մի մասն էլ շատ հաճախ ընդմիջմանը դուրս է գալիս շենքից, մյուսներն էլ այդքան հաճախ չեն օգտվում ճաշարանից: Իսկ նրանք, ովքեր քեֆ-ուրախության, ճոխ ճաշկերույթների սիրահար են, նիստի մեկնարկից կես ժամ անց լքում են ԱԺ շենքը: Էլ առեւտուր ո՞նց լինի, չկան «ճիշտ» ուտող-խմողները: Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ խորհրդարանն ակտիվանում է երկու շաբաթը մեկ, հասկանալի է դառնում ընկերության դժգոհությունը:
Չնայած որոշ ժամանակ է արդեն՝ հայտարարված են զեղչեր, բայց իրավիճակը դրանից չի փոխվել: Նկատենք, որ բիզնեսի եկամտաբերության վրա չի ազդում անգամ այն հանգամանքը, որ Վերահսկիչ պալատի շատ աշխատողներ եւս օգտվում են ԱԺ բուֆետից (ՎՊ-ն ԱԺ-ի հարեւանությամբ է գործում):
Հետաքրքիր է, որ այս ընկերությունը սպասարկում է նաեւ ԿԲ-ին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին, «Սինոփսիսին», «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ» բանկին, բայց վերջիններից դժգոհություններ չունի»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























