Բրիտանական Guardian թերթի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը European Press Prize համաեվրոպական մրցանակի դափնեկիր է դարձել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների զանգվածային գաղտնալսումը մերկացնող հրապարակումների շարքի համար, հաղորդվում է թերթի կայքում:
Ժյուրին Ռասբրիջերին «Հատուկ մրցնանակ» է հանձնել մարտի 17-ին Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ: Մրցանակը հայտարարելով՝ հաղորդավարը նշել է, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած նյութերի հիմքով հրապարակումները «համաշխարհային գլխավոր սյուժեն դարձան», իսկ Guardian-ի աշխատակազմը առանցքային դեր ունեցավ այդ սյուժեի զարգացման հարցում:
Ռասբրիջերը, ընդունելով մրցանակը, հիշեցրել է այն դժվարությունների մասին, որոնց բախվել է թերթը Սնոուդենի նյութերի հրապարակման համար: Ըստ նրա՝ Բրիտանիայի իշխանությունները թերթի վրա ճնշումներ էին գործադրում՝ փորձելով լրագրողներին ստիպել ոչնչացնել նյութերը: Արդյունքում թերթը ստիպված էր լինում նորանոր բացահայտումները տպագրել այլ երկրների լրատվամիջոցների միջոցով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, 2013-ի հունիսին Սնոուդենը Washington Post եւ Guardian թերթերին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների զանգվածային գաղտնալսումների ծրագրի մասին նյութեր էր տրամադրել: ԱԱԳ-ի տվյալով՝ լրագրողների ձեռքում կարող էր մինչեւ 200 հազար գաղտնի փաստաթուղթ հայտնվել:




























