Թուրքահայ հայտնի մտավորական Սեւան Նշանյանին աջակցելու համար միջազգային կոմիտե է ստեղծվել:
«Ազատություն եւ արդարություն Սեւան Նշանեանին» Միջազգային կոմիտեի ստեղծման մասին հայտարարության մեջ ասվում է. «2014 թվականի հունվարի 3–ից Թուրքիայում անազատության մեջ է գտնվում Թուրքիայի քաղաքացի հայազգի մատավորական, քաղաքացիական գործիչ, լեզվաբան Սեւան Նշանյանը։
Նկատի ունենալով մտավորականի նկատմամբ բանտարկության վճռի անընդունելիությունը, հետզհետե անտանելի դարձող նրան պարտադրված բանտային պայմանները, նոր ու ոչ պակաս անընդունելի դատական հետապնդումների սպառնալիքները, հանրաճանաչ մտավորականների եւ քաղաքացիական գործիչների մասնակցութեամբ ստեղծվել է «Ազատություն եւ արդարություն Սեւան Նշանեանին» միջազգային կոմիտե։
«Ազատություն եւ արդարություն Սեւան Նշանեանին» միջազգային կոմիտեն Սեւան Նշանեանի բանտարկության դատական վճիռը համարում է ծաղր՝ նետված արդարության երեսին եւ անընդունելի տուրք` ազատ մտածումի իրավունքի դեմ ուղղված ամբոխային տրամադրություններին: Կոմիտեն Նշանյանի բանտարկությունը որակում է խտրականության եւ քինախնդրության բացահայտ դրսեւորում, որին ենթարկվել է մտավորականը` Թուրքիայում այսպես կոչված պետական մտածողության դրույթների նկատմամբ նրա անհաշտ ընդդիմության համար:
«Ազատություն եւ արդարություն Սեւան Նշանեանին» միջազգային կոմիտեն կոչ է անում Թուրքիայի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Սեւան Նշանյանը եւ դադրեցնել նրա նկատմամբ սանձազերծված հալածանքները:
Կոմիտեն կոչ է անում համաշխարհային հանրությանը, միջազգային կազմակերպություններին եւ մարդու իրավունքի պաշտպան կենտրոններին դատապարտել Սեւան Նշանյանի արգելափակման փաստը եւ ձեռնարկել քայլեր նրա ազատ արձակման ուղղությամբ:
Կոմիտեն կոչ է անում Թուրքիայի քաղաքացիներին տեր կանգնել պետական մարմինների պատժիչ մեքենայի զոհ՝ այդ երկրի համար մտավոր այնքան արժէքավոր աւանդ ստեղծած համաքաղաքացիին, մտավորականին, Թուրքիայի բազմաշերտ մշակույթի արժեքների պաշտպանին եւ տարածողին:
Կոմիտեն հայտարարում է, որ Թուրքիայում եւ արտասահմանում ձեռնարկելու է բազմատեսակ միջոցառումներ՝ նվիրված Սեւան Նշանյանի դատին, որի հաղթանակին հավատում է աներկբայորեն՝ գործակցությամբ ուժեղ կամքի տեր աշխարհի մարդկանց»:
Կոմիտեին անդամակցում են հայտնի մտավորականներ Հայաստանից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Մերձավոր Արեւելքից, ԱՄՆ-ից եւ Գերմանիայից:




























