ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարգադրել է սառեցնել ռուսաստանցի պետական յոթ պաշտոնյաների՝ ԱՄՆ-ում պահվող հաշիվները, որոնք, ըստ նրա, դեր են ունեցել Ղրիմի հանրաքվեի կազմակերպման գործում, որի արդյունքում այն առանձնացավ Ուկրաինայից:

Պաշտոնյաների թվում են Պուտինի բարձրաստիճան խորհրդականները: Օբաման հայտարարել է, որ առավել կոշտ պատժամիջոցների նպատակն այն է, որ Ռուսաստանը թանկ վճարի Ուկրաինայում կատարվածի համար:

 «Մենք պատժամիջոցներ ենք կիրառում որոշակի անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իշխանությունների դեմ ուղղված գործողությունների համար: Մենք հստակ հասկացնում ենք, որ նրանց քայլերն անհետեւանք չեն մնա», – ընդգծել է նա:

Հաղորդվում է, որ այդ անձինք Ղրիմ զորքեր մտցնելու եւ այնտեղ հանրաքվե անցկացնելու գլխավոր գաղափարախոսներն էին: Հանրաքվե, որը ԱՄՆ-ն համարում է ապօրինի եւ անվավեր, հայտնում է  «Ամերիկայի ձայնը»:

Պատժվողների թվում նաեւ զենքի առեւտրով զբաղվողներ կան, որոնք, ըստ ԱՄՆ-ի, նյութական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինայի իրավիճակն ապակայունացնող ուժերին:  Ցուցակում նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն է:

Պատժամիջոցների ենթարկված պաշտոնատար անձանց թիվը 11 է, որոնցից 4-ը մեկ անգամ արդեն ենթարկվել էին պատժամիջոցների:

Ներկայացուցիչների  պալատի զինված ուժերի հարցով հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Մոսկվայում կլսեն նախագահի հայտարարությունը: Կոնգրեսական Էդ Ռոյսը ԱՄՆ-ին եւ եվրոպացի գործընկերներին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Պուտինի եւ «նրա համախոհների» նկատմամբ եւ «կոտրել տարածաշրջանում էներգետիկ պաշարների նկատմամբ Պուտինի վերահսկողությունը»:

Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում հավելյալ պատժամիջոցներ կիրառել: Նա միաժամանակ նշել է, որ Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի ճգնաժամային իրավիճակը մեղմելու: «Այժմ մենք կարող ենք մեր գործողությունները ուղղորդել՝ կախված նրանից, թե իրեն ինչպես կպահի Ռուսաստանը, կախված լարվածության թուլացումից կամ սրացումից: Կարծում եմ՝ առայժմ իրավիճակը դիվանագիտական եղանակով կարգավորելու հնարավորություն կա՝ այնպես, որ համապատասխանի Ուկրաինայի եւ Ռուսաստանի շահերին»:

Դրա համար Ռուսաստանը պետք է Ղրիմից հանի զորքերը եւ մշտական տեղակայման վայր վերադարձնի, աջակցի Ուկրաինայում միջազգային դիտորդների աշխատանքին եւ երկրի իշխանությունների հետ երկխոսություն սկսի

ԱՄՆ-ն պատժամիջոցների մասին հայտարարել է այն բանից հետո, երբ ԵՄ-ն համանման պատժամիջոցներ է սահմանել 20-ից ավելի ռուսաստանցի եւ ուկրաինացի պաշտոնյաների դեմ: