78-ամյա Իլյա Բարսեղյանի այրված մարմինը հայտնաբերել է Կապանի բնակիչ Վանիկ Անտոնյանը մարտի 18-ին առավոտյան ժամը 07-ի մոտ աշխատանքի գնալիս։ Անմիջապես զանգահարել է Սյունիքի մարզային փրկարար վարչություն, բայց արդեն ուշ է եղել։ Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները ու ոստիկանները գտել են նրա այրված դին:
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ տղամարդը հենց փողոցում բենզին է լցրել իր վրա եւ ինքնահրկիզվել: Քանի որ լուսադեմ էր, մոտակայքում մարդ չի եղել, որպեսզի կանխեր ինքնասպանության փորձը:
Իլյա Բարսեղյանը Կապանի Մինաս Պապյան 6 շենքի բնակիչ էր։ Հարևանուհին՝ Մարինե Հարությունյանը, NEWS.am-ին պատմեց, որ Իլյա պապի կինը վերջերս էր մահացել։
«Կնոջ մահից հետո շատ էր խեղճացել։ Երկու որդիները Ռուսաստանում են ապրում։ Մոր մահից հետո հորն իրենց մոտ էին տարել, բայց չէր կարողացել օտար տեղ մնալ և վերադարձել էր»,- պատմեց հարեւանուհին։
Հարևանուհու խոսքով, իրենք էլ միշտ հետևում էին 78-ամյա պապին, խանութ գնում, օգնում կենցաղային հարցերում։
Իլյա Բարսեղյանը նախապես պլանավորել էր ինքնահրկիզումը։ Սեղանին էր դրել տան բոլոր կարևոր փաստաթղթերը և գրություն թողել․ «Բոլորին շնորհակալ եմ, ինձ կներեք, բայց մենակությանն էլ չեմ դիմանում»։
Մարգարիտա Մանուկյան



























