Քասախ գյուղի սկզբնամասում մարտի 17-ին վրաերթի ենթարկված երեխաները համագյուղացի ընկերներ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը:

Նա նշեց, որ երեխաները սովորում են գյուղի դպրոցում բարձր առաջադիմությամբ, մարզիկներ էին, կարատեով էին զբաղվում: «Լավ սպորտսմեններ էին, տարբեր մրցումների էին մասնակցում, մահացածը կարծեմ մեկ ամսի առաջ էր թիմային մրցույթում 3-րդ մրցանակի էր արժանացել: Գյուղում մարզադահլիճ չունենք, դրա համար գնում էին Քասախում էին պարապում»,- ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ դեպքի օրը երեխաները պարապմունքից տուն էին վերադառնում, կանգառում կանգնած սպասում էին երթուղայինի, երբ մեքենան հարվածել է նրանց: «Իրենք Քասախից տուն գալուց են եղել, կանգառում կանգնած են եղել, սպասել են երթուղայինի, իսկ էդ մեքենան «պրոտիվ» է եկել, մութ է եղել, երեւի դիմացի մեքենան լույսերը գցել է վարորդի աչքերին, չի տեսել, որ կանգառում մարդ կա կանգնած, հարվածել, գնացել, մտել է Քասախ գյուղ: Երեխաները ճանապարհ չեն անցել, կանգառում կանգնած են եղել: Հետո դիմացի բենզալցակայանի աշխատողներն են նրանց հանել ճանապարհից, շտապօգնություն կանչել, բայց Վաղինակը հենց տեղում մահացել է»,- ասաց Արթուր Մուրադյանը:

Նա նաեւ նշեց, որ մահացած Վաղինակ Թադեւոսյանը ընտանիքի ավագն էր, ունի իրենից փոքր քույր: Վիրավոր Լավրենտի Պետրոսյանը եւս տան ավագն է, ունի քույր: Նրանց ընտանիք անդամները զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, միջին սոցիալական պայմաններում են ապրում:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Վաղինակ Թադեւոսյանին եւ 2001 թ. ծնված Լավրենտ Պետրոսյանին եւ դիմել փախուստի:

Վրաերթի հետեւանքով Վ. Թադեւոսյանը տեղում մահացել է, իսկ Լ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` մարտի 18-ին, ժամը 01.30-ին, Քասախ գյուղի Երիտասարդական փողոցի 9 շենքից, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել 50-ամյա վարորդը: Նա խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը:

Վարորդը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: