Գնումների էլեկտրոնային համակարգի (armeps.am) միջոցով տարեսկզբից արդեն անցկացվել է 529 մրցույթ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե նախարարության Գնումների աջակցման կենտրոնի տնօրեն Հարություն Թունյանի գնահատմամբ՝ այս ցուցանիշը վկայում է գնումների էլեկտրոնային համակարգի արդիականացման եւ լիարժեք գործարկման մասին: Հունվար ամսից պետական մարմինները թե բաց ընթացակարգով եւ թե շրջանակային համաձայնագրով գնումները կատարում են էլեկտրոնային ձեւով, ինչը հնարավորություն է ընձեռում պետական գնումներին մասնակցելու հայտերը եւ պահանջվող փաստաթղթերն ամբողջությամբ լրացնել եւ ուղարկել առցանց ռեժիմով:
ԳԱԿ տնօրենի խոսքերով՝ էլեկտրոնային ընթացակարգերով մրցույթների անցկացումը հասանելի կդարձնի բոլոր փաստաթղթերը, կբացառի որեւէ միջամտություն՝ արդյունքում ապահովելով արդար մրցակցություն:




























