Օրերս ոստիկանության Աշտարակի բաժին էր դիմել 1944 թ. ծնված Հայկազ Ի.-ն եւ հաղորդում տվել, որ 1968 թ. ծնված Վիտալի Ա.-ն կոտրել է Ոսկեվազ գյուղում գտնվող իր անասնագոմի դռան փականը, մտել ներս եւ երեք ոչխար գողանալով` փորձել է տեղափոխել իր անասնագոմի մոտ կայանված, 1974 թ. ծնված Գարեգին Ս.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, սակայն իր որդին` 1974 թ. ծնված Հովհաննես Ի.-ն, թույլ չի տվել հանցագործությունն ավարտին հասցնել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մարտի 16-ին, ժամը 00.15-ին, Վիտալի Ա.-ն եւ Գարեգին Ս.-ն բերման են ենթարկվել բաժին:

Վիտալի Ա.-ի խմածության աստիճանը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նրան տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա հայտարարել է, որ գողությունը կատարելու պահին Հովհաննես Ի.-ն, Հայկազ Ի-.ն եւ 1983 թ. ծնված Մերուժան Մ.-ն իրեն ծեծի են ենթարկել` պատճառելով վնասվածքներ:

Վիտալի Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է նախաքննություն: