Ռուսական կողմի առաջարկների նպատակը՝ կապված ուկրաինական ճգնաժամի կարգավորման հետ, ուկրաինական պետությունը արտաքուստ վերահսկելու փորձ է՝ Ուկրաինյի որոշակի հատվածներում ռուսական վերահսկողություն սահմանելու միջոցով: Այս մասին այսօր «Ղրիմի ընտրություն ու դրա ազդեցությունը տարածշրջանի վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Եվրոատլանտյան համագործակցության  ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Գորբաչը:

Ըստ նրա՝ այդ առաջարկություններում արտահայտվել է ռուսական պետության իրական վերաբերմունքը ուկրաինացիների նկատմամբ: «Բնական է, որ Ուկրաինան չի կարող դրան գնալ, այնտեղ բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը Ղրիմից հետո կանգ չի առնի»,-նշել է նա:

Ի տարբերություն Անդրկովկասի «սառեցված» հակամարտություններից, Ուկրաինայի շուրջ հակամարտությունը դեռ չի հաղթահարել թեժ փուլը, սակայն բաց ռազմական բախումներ առայժմ չկան, ամեն ինչի տակից դեռեւս «կարելլի է դուրս գալ»: «Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց, երբ Ռուսաստանում իրավիճակը եւս փոխվի, քանի որ Պուտինը հավերժ չի լինելու, հնարավոր կլինի երկխոսության վերադառնալ Ղրիմի քաղաքացիների հետ՝ Ուկրաինայի հետ վերամիավորվելու»,-հույս է հայտնել վերլուծաբանը: 

Անդրադառնալով Արեւմուտքի արձագանքին՝ նա նշել է, որ Արեւմուտքը գերազանցել է իր սպասումները: «Արեւմուտքի կոնսոլիդացված արձագանքը արդեն լավ է, այն, որ հաջողվել է Գերմանիային ներգրավել այս գործընթացում, լավագույնն է, ինչը կարելի էր ակնկալել: Ներկայումս արեւմտյան երկրները պատժամիջոցների երրորդ փուլի նախաշեմին: Հաջորդ քայլը լինելու են տնտեսական պատժամիջոցները»,-ընդգծել է Գորբաչը: