Ղրիմի հանրաքվեն հետխորհրդային տարածքում ստեղծված քաղաքական նոր իրավիճակի լեգիտիմացման քաղաքական փորձ է, մարտի 18-ին «Ղրիմի ընտրությունը և ազդեցությունը տարածաշրջանի վրա» թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա՝ հանրաքվեն փաստացի նշանակում է հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող սահմանների ապասրբացում. «Այդ տարածքում որոշ խաղացողներ աշխարհաքաղաքական շախմատ էին խաղում, խաղի ընթացքում նրանցից մեկն անսպասելի շրջեց տախտակը եւ մնացածների գլխին հարվածեց: Կմարսի՞ նա դա, ի՞նչ հետեւանքների կհանգեցնի, արդեն այլ հարց է: Մի բան ակնհայտ է. ստեղծվում է իրավիճակ, որի ժամանակ աշխարհաքաղաքական մի ուժ՝ ատոմային գերտերություն, հաշվարկել է, որ կարող է փոխել իրերի բնական կարգը, ընդ որում՝ ոչ միայն հետխորհրդային տարածքում», - նշել է Մինասյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը փորձում է ցույց տալ, թե ինքնուրույն կարծիք ունեցող խաղացող է:
Հիշեցնենք, մարտի 17-ին Ղրիմի իշխանությունները հանրաքվեի արդյունքում հայտարարել էին թերակղզու անկախացման մասին: Վլադիմիր Պուտինը ճանաչել էր հանրաքվեի օրինականությունը: Մարտի 18-ին ՌԴ նախագահը հավանություն էր տվել Ռուս-ղրիմյան պայմանագրի նախագծին՝ Հանրապետությունը ՌԴ կազմում ընդգրկելու եւ ՌԴ կազմում նոր սուբյեկտների ձեւավորման մասին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























