Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013 թվականից մեկնարկել եւ այս տարի եւս շարունակվում է մայրաքաղաքում առկա «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաեւ Երեւանի ավագանու համապատասխան որոշումներին չհամապատասխանող գովազդային վահանակների ապամոնտաժումը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե վարչական բոլոր շրջաններում մարտից մեկնարկած աշխատանքների ընթացքում արդեն իսկ ապամոնտաժվել է գործող օրենսդրությանը հակասող շուրջ 320 գովազդային վահանակ:
Ապամոնտաժված վահանակների փոխարեն բոլոր այն վայրերում, որտեղ օրենքով թույլատրվում է գովազդ տեղադրել, կտեղադրվեն նոր, օրենսդրությանը չհակասող եւ քաղաքային չափորոշիչներին համապատասխան գովազդներ: Երեւանի քաղաքապետարանն, ի դեպ, վահանակների ձեւն ու չափը սահմանված կարգին համապատասխանեցնելու համար տնտեսվարողներին կտրամադրի դիզայներական անվճար խորհրդատվություն:




























