Մոտ ապագայում գուցե ԵՊՃՇՀ-ն եւ ՀՊՃՀ-ն վերամիավորվեն, ինչպես եղել է Խորհրդային միության ժամանակ: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի պետական բժշկական համալսարանի Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ այդ պարագայում կունենանք ավելի մեծ Պոլիտեխնիկ, ինչպես եղել է 20 տարի առաջ: Արմեն Աշոտյանն ասաց, որ ապագայում քայլեր կձեռնարկեն եւ միասնական կրթական հաստատության մեջ գործող ֆակուլտետները կմիավորվեն, ինչը շատ դրական կազդի բուհի զարգացման վրա:
Այժմ ԵՊՃՇՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված պրոռեկտորներից մեկը, իսկ ՀՊՃՀ-ի ռեկտորի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի: ԿԳ նախարարը այդպես էլ չասաց, թե որն էր Արա Ավետիսյանի՝ աշխատանքից ազատվելու դիմում գրելու պատճառները:
Արմեն Աշոտյանն ասաց, որ տարբեր բուհերում տարբեր խնդիրներ են լինում, պետք չէ դրա մեջ որեւէ սենսացիա փնտրել: «Նախկին ռեկտորը, ըստ ամենայնի, որոշել է բուհի հետագա զարգացման համար բազմակարծության պայմաններում ստեղծել նոր հնարավորություններ՝ այս ցանկությունները վերածելու համար աշխատանքի: Նա մնում է ԿԳ համակարգում, նա ԳԱԱ անդամ է, դասավանդում է ԵՊՀ-ում, եւ որեւէ խնդիր չկա»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Ինչ վերաբերում է ՀՊՃՀ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ռեկտորի հրաժարականի դիմում, նախարարն ասաց, որ ուսումնասիրությունները դեռ ոչ մեկին վնաս չեն տվել, ընդհակառակը՝ դրանք թույլ են տալիս ցանկացած բուհի, այդ թվում՝ Պոլիտեխնիկի իմանալ թույլ տեղերը եւ շտկել խնդիրները, որպեսզի հետագայում արդյունավետ զարգանան: Նա շեշտեց, որ բուհը ֆինանսապես կայուն է, որեւէ անհանգստություն չկա, եւ ներսում եղած անհամաձայնություններ էլ պետք է արագ հարթվեն, որպեսզի չազդեն բուհի հետագա զարգացման վրա:
Նա հերքեց նաեւ տեղեկությունները, թե Արա Ավետիսյանի աշխատանքից ազատելը կապ ունի Պոլիտենխիկում «Դեմ եմ»-ի ակցիան չկանխելու հետ: Նա շեշտեց, որ ակցիան անցել է հանգիստ, զուսպ, չի խանգարել կրթական գործընթացին, եւ այդ առումով որեւէ դժգոհության նախկին ռեկտորից չկա:
Հիշեցնենք, որ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:Այդ բուհում ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա, որը մինչեւ այդ ղեկավարում էր ԵՊՃՇՀ-ն:



























