Եկատերինբուրգի «Վանյայի մոտ» սրճարանում զանգվածային արյունոտ ծեծկռտուք է տեղի ունեցել: Հայկական 50 հոգանոց խումբը հաստատությունում մեկ տարեկան երեխայի ծնունդն էր նշում, երբ վեճ է ծագել նրանց եւ սրճարանի երկու այցելուների միջեւ:

«Հարեւան խցիկում հանգստացող երիտասարդները սկսել են վիճել ուրախացողների հետ, պատմում են ականատեսները: Նրանք նաեւ թվով հավասարվելու համար ընկերների են օգնության կանչել»:

Մի քանի րոպե անց 10-15 հոգանոց խումբ է ժամանել: Օգնության հասած ընկերները ձեւականությունների հետեւից չեն ընկել եւ կրակ են բացել: Սրճարանում այդ պահին մոտ 15 երեխա է եղել, բարեբախտաբար նրանցից ոչ ոք չի տուժել: Վիրավորվել են տղամարդկանցից մի քանիսը, շտապօգնության հինք մեքենա է ժամանել դեպքի վայր, բոլոր յոթ տուժածները, սակայն, ինքնուրույն են հասել հիվանդանոց: Ոչ մեկին հոսպիտալացնելու կարիք չի եղել:

Ոստիկանությունում պատմել են, որ սրճարանի հաճախորդների միջեւ վեճը ծագել էր երեխայի պատճառով: «Ծնունդը նշող երեխաներից մեկը պատահաբար մտել էր հարբած երիտասարդների խցիկ: Վերջիններս բռնելով երեխայի ձեռքից՝ տարել էին ծնողների մոտ: Երեխայի մորը դուր չէր եկել, որ օտար մարդիկ ձեռք են տալիս իր երեխային, եւ սկսել էր բացահայտ վրդովվել: Այդ պատճառով էլ տղամարդկանց միջեւ  վեճ էր բռնկվել, որը վերաճել էր կռվի», - պատմել է ՆԳՆ ԳՎ-ի մամուլի ծառայության պետ Վալերի Գորելիխը:

Մի կողմից կռվին մասնակցել էր 15 մարդ, մյուսից՝ հինգ-վեց:  Ըստ ականատեսների՝ առավելությունը բազմամարդ խմբի կողմն է եղել, որը դաժանորեն ծեծել է հակառակորդներին, այդ թվում նաեւ՝ ոտքերով:  Ի պատասխան՝ սակավաթիվ խմբի անդամները կրակել են հակառակորդների վրա: Ականատեսները միաժամանակ պնդում են, որ վեճը տեղի է ունեցել ազգային հողի վրա: Երեխայի ծնունդը նշողները հայեր են եղել, իսկ առանձին նստած դեռահասները՝ ռուսներ, հայտնում է BezFormata.Ru-ն:

Կատարվածից հետո՝ ոստիկանություն հարցաքննության են բերվել կռվի 10 մասնակից: Բոլորն էլ գրավոր հայտնել են, որ ոչ ոքից բողոք չունեն: Տուժածներից ոչ ոք ոստիկանություն հայտ չի ներկայացրել: Այժմ իրավապահները պարզում են կատարվածի բոլոր մանրամասները: