Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութի շրջանում իշխող կուսակցության անդամ քաղաքապետը 50 լիրայի (10 հազար դրամ) սնունդ ստանալու կտրոններ է բաժանել քաղաքացիներին, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից Մանիսա նահանգի Թուրգութի շրջանում ընտրողներին անվճար սննդամթերք բաժանելու հետ կապված ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Թուրգութի գրասենյակի ղեկավար Վահիթ Դողրուջուն դատական հայց է ներկայացրել Մանիսայից ընտրված իշխող կուսակցության պատգամավոր Հասան Օրենի դեմ։

Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության Թուրգութի գրասենյակի ղեկավար Սեդաթ Քութլուն խիստ քննադատել է իշխանությունների նման քայլը՝ հայտարարելով, թե անվճար սննդամթերք բաժանելով՝ իշխանությունները խաղում են քաղաքացիների պատվի հետ եւ նրանց վատ վիճակի մեջ դնում ընտրություններից առաջ։

Նշենք, որ մարտի 30-ին, Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։