Հայաստանի ԱԳՆ-ն ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այն տեղեկությունը, թե ընթացիկ ամսվա վերջին սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
«Նախարարի նման բոլոր հանդիպումների մասին մենք նախօրոք հայտնում ենք», - NEWS.am-ի հարցմանն ի պատասխան նշել են գերատեսչությունում:
ԱՊԱ-ն հայտնում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը մարտի 18-ի մամուլի ասուլիսում հայտնել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներին առաջարկել էին հանդիպել՝ Հաագայում միջուկային անվտանգության վերաբերյալ հերթական գագաթաժողովի շրջանակներում: «Համանախագահներից առաջարկություն կա՝ հանդիպել Հաագայի գագաթաժողովում», - հայտնել է Է. Մամեդյարովը: Այն հարցին, թե ինչ ձեւաչափով է դա տեղի ունենալու, նա պատասխանել է, որ իրեն հայտնի է միայն արտգործնախարարների ձեւաչափով հանդիպման մասին:
Ավելին վաղ մամուլի ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը հայտնել էր, որ նախարարների մակարդակով հանդիպումը տեղի կունենա՝ երբ դրա համար անհրաժեշտ համապատասխան պայմաններն ստեղծվեն:
Հիշեցնենք, որ Հաագայում միջուկային անվտանգության վերաբերյալ հերթական գագաթաժողովը տեղի կունենա մարտի 25-26-ին:




























