Ղրիմի հանրաքվեի ժամանակ ղրիմցիների ազատություն չի եղել, ուստի Ղրիմի ժողովրդի ազատ կամքի մասին խոսելը վիրավորական է: Այս մասին մարտի 18-ին «Ղրիմի ընտրությունը եւ ազդեցությունը տարածաշրջանի վրա» թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ որոշակի պատմական զուգահեռներ տանելով՝ պետք է նշել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմի անկախությունը ճանաչելու վերաբերյալ երեկվա հրամանագրից հետո, ստեղծված իրավիճակն ավելի շատ նման է 1938թ. Ավստրիայի միացմանը Գերմանիային: «Ի տարբերություն 1938թ., այժմ մենք տեսնում ենք համաշխարհային հանրության միասնական դիրքորոշում: Ռուսաստանը մեկուսացել է համաշխարհային հանրությունից: Նույնիսկ ՀԱՊԿ-ի եւ ՄՄ-ի Ռուսաստանի մոտ դաշնակիցները համաձայն են համաշխարհային հանրության այն կարծիքին, որ Ղրիմի հանրաքվեն միջազգային իրավունքի ոտնահարում է», - նշել է Ռուբեն Մեհրաբյանը: Միաժամանակ փորձագետն ընդգծել է, որ Արեւմուտքի պատժամիջոցները մի փոքր ուշացած են եւ չեն կանգնեցնի Ռուսաստանին:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am