Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրումը հետաձգվել է, որպեսզի դա երկրի արեւելյան արդյունաբերական շրջանների համար բացասական հետեւանքների չհանգեցնի, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մարտի 21-ին Բրյուսելում նախատեսված է Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը: Մենք առայժմ տնտեսական մասի ստորագրումը հետաձգել ենք՝ հաշվի առնելով այն մտավախությունները, թե արդյոք ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտին արդյունաբերական շրջանների համար բացասական հետեւանքների չի հանգեցնի, իսկ դա առաջին հերթին արեւելքն է: Այս հարցի շուրջ մենք հավելյալ խորհրդակցություններ կանցկացնենք», - Ուկրաինայի հարավային եւ արեւելյան հատվածների բնակիչներին ուղղված իր ելույթում հայտարարել է նա:
Ընդ որում վարչապետը նշել է, որ «ԵՄ-ն առայժմ որոշել է միակողմանի բացել իր շուկաները ուկրաինական ապրանքների համար, որը լավ օգնություն կլինի մեր տնտեսության համար»:
«ԵՄ-ի եւ Ռուսաստանի հետ կապերը մենք չենք դիտարկում «կամ-կամ» սկզբունքով: Չնայած ոչ մեր մեղքով Ռուսաստանի հետ հարաբերությունների աղետալի վատթարացմանը, չնայած Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիային, ես կանեմ հնարավոր ամեն ինչ՝ ոչ միայն խաղաղություն պահպանելու, այլեւ Ռուսաստանի հետ իսկապես դաշնակցային եւ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու համար», - ընդգծել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նա նաեւ հայտարարել է, որ «բացառապես Ուկրաինայի միասնականությունը պահպանելու համար ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց օրակարգում չկա. երկիրը պաշտպանելու է ուժեղ, արդիական ուկրաինական բանակը»:




























