Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորորդու՝ Էյներ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ այդպես էլ քրեական գործ չի հարուցվի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հատկանիշներով:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Գորիսի «Զանգեզուր» ռեստորանում: Սուրեն Խաչատրյանի եղբորորդին ընկերների հետ գնացել էր ռեստորան՝ նշելու մարտի 8-ը, հարեւանությամբ էլ նախկին մարզպետի բարեկամները նշում էին Սուրեն Խաչատրյանի քրոջ թոռան ծնունդը:
Ի դեպ, ռեստորանում տեսախցիկներ են եղել, որոնց տեսագրությունն առգրավվել է: Տեսաերիզում երեւում է, թե ինչպես երկու սեղանի հյուրերը գինովցած վիճակում վիճում են, մարդիկ են գնում գալիս, փորձում են վիճող կողմերից մեկին հանել սրահից, քաշքշուկ է լինում: Իսկ վիճաբանությունը ծագել է երաժշտությունը պատճառով, մասնավորապես՝ մի սեղանի հյուրերը ցանկացել են լսել Գուսան Աշոտ, մյուսները՝ Քրիստինե Պեպելյան, սկսել են վիճել, թե երաժշտությունը անջատի եւ այլն: Նրանց միջեւ նաեւ աղջկա հետ կապված հարց է եղել: Վիճաբանության ընթացքում ռեստորանի սպասք չեն ջարդել, ոչ էլ կապտուկներ են հայտնաբերվել նրանց վրա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ռեստորանում 27-ամյա Էյներ Խ.-ի եւ 45-ամյա Հրայր Հ.-ի մասնակցությամբ վիճաբանություն եւ քաշքշուկ է տեղի ունեցել: Էյներ Խ.-ն եւ Հրայր Հ.-ն հրավիրվել են բաժին, հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Մեր տեղեկություններով՝ Էյներ Խ-ն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին է՝ Էյներ Սեյրանի Խաչատրյանը, ում անունը հնչել է մի շարք սկանդալային քրեական գործերի շրջանակում:
Մասնավորապես, ավելի վաղ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ «Լիսկայի եղբոր որդիները՝ Մայիս եւ Էյներ Խաչատրյանը 2004թ փետրվարի վերջերին առանձնակի դաժանությամբ Գորիս քաղաքում իրենց կամակայություններին կուլ չգնացող, երեք մանուկների հայր Հովհաննես Բադալյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանում են եւ Լիսկայի եղբոր որդին՝ Էյներ Խաչատրյանը մեկ օր չի ազատազրկվում, իսկ Մայիս Խաչատրյանը ընդամենը ազատազրկվում է 12 տարվա բանտարկության, իր պատիժը անց է կացնում արտոնյալ պայմաններում եւ ընդամենը 6 տարի 4 ամիս հետո ազատ է արձակվում»:



























